ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր ԼՂՀ-ում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 31-ի: Ավելի վաղ Բեգլարյանը հայտնել էր Արցախի 25 զոհված բնակիչների մասին։
«Մեկ օրում երեք վիրավոր խաղաղ բնակիչ մահացել է հիվանդանոցում։ Այսպիսով` Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմում է առնվազն 31: Թարմացված ցուցակները կհրապարակենք ավելի ուշ», - գրել է Բեգլարյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դիվերսիոն խումբը հոկտեմբերի 10–ին Հադրութ ներխուժման ժամանակ սպանել է 4 խաղաղ բնակչի ՝ նվեր Գրիգորյանին, Արտյոմ Միրզոյանին, Անահիտ Մովսիսյանին և նրա հաշմանդամ որդուն ՝ Միշա Մովսիսյանին: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել էր սպանված հաշմանդամ տղամարդու լուսանկարը:
Կադրում երևում է նրա երկարած ափը. հավանաբար մահվանից առաջ նա ձեռքը բարձրացրել է՝ ցույց տալու համար, որ անզեն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Թալիշ գյուղն Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ. Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո