ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2 տարեկան Արծվիկին վիրահատել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Փոքրիկը նաև վերջույթների վնասվածքներ ունի, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Արծվիկի մայրը ևս ծանր վիրավոր է, իսկ նրա տատն ու 9 տարեկան քույրը մահացել են Մարտունիում հրթիռակոծության հետևանքով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո