Անճշտություն է եղել. զինծառայողներից տասը ողջ են

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ զոհվածների ցուցակներում ինչ–ինչ անճշտություններ են եղել, և հայտնվել են անուններ, որոնք չպետք է այդ ցանկում լինեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ:

Մոսկվայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Մասնավորապես, նշված ցուցակներում ներառված են եղել Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյանի, Գևորգ Մանվելի Մանուկյանի, Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի և Արթուր Նորիկի Մինասյանի անունները, որոնք, ինչպես պարզվել է, ողջ են:

ՊԲ–ն հայցում է բոլորի ներողամտությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին  ՊԲ հրապարակել էր զոհված 113 զինծառայողի անուն–ազգանուն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո