ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Մինչ այդ Ծառուկյանի պաշտպանական խումբը ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով նրա նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ տեղեկացրել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
«ՄԻՊ–ը բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի օրենքով դատախազությանը վերապահված իրավասության շրջանակում քննարկման առարկա դարձվեն գրության մեջ ներկայացված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը»,–գրել է փաստաբանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել։
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։ Հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը
Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։