ՌԴ իրավապահները ստուգում են Սադաթ Գուլիևի` Ղարաբաղի մասին հրապարակումները

Ստուգման արդյունքում կորոշվի քաղաքագետ Սադաթ Գուլիևի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի իրավապահ մարմինները ստուգում են քաղաքագետ Սադաթ Գուլիևի` «Девичья башня» Telegram–ալիքում արված հրապարակումները, որոնք վերաբերում են Ղարաբաղին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Շուշիի եկեղեցու հրետակոծումն արդարացրած Կադիրովային չեն ազատել ՏԱՍՍ-ում զբաղեցրած պաշտոնից

Ավելի վաղ Գուլիևը, ի պատասխան ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի՝ Ղարաբաղում ընթացող պատերազմի, այդ թվում ՝ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների մասին հրապարակումների, լրագրողին մահ էր «մաղթել» և գրել, որ նա «կոչնչացվի»: Բացի դրանից, քաղաքագետը մի քանի հրապարակումներում անպարկեշտ խոսքեր էր ասել Պեգովի հասցեին։

Ստուգման արդյունքում կորոշվի քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը։

Ի դեպ, արևելագետ Սեմյոն Բաղդասարյանն իր Telegram-ալիքում արձանագրել էր, որ սոցիալական ցանցերում հաճախակիացել են հարձակումները հակամարտության գոտում աշխատող լրագրողների` Սեմյոն Պեգովի, Ալեքսանդր Կոցի և մյուսների վրա: Նրա խոսքով՝ բացասական մեկնաբանություններ, իսկ հաճախ նաև ուղիղ սպառնալիքներ են հնչեցնում Ռուսաստանի տարածքում բնակվող օգտատերերը։

«Ես փոքր-ինչ զարմացած եմ իրավապահ մարմինների աշխատակիցների անգործությունից, որոնք արհամարհում են նողկալի մեկնաբանությունները, իսկ հաճախ՝  սպառնալիքները։ Պետք է կարգուկանոն հաստատվի և սկզբունքային կոշտ դիրքորոշում որդեգրվի», - ասել էր Բաղդասարովը։

Նշենք, որ ռուսաստանցի թղթակիցներն արցախյան իրադարձությունները լուսաբանում են իրենց կյանքը վտանգելով։ Այսպես, հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու հետևանքով տուժել են ռուս լրագրողներն ու նրանց ուղեկցող անձինք։ Մասնավորապես, ծանր վնասվածքներ է ստացել ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը։ Լրագրողն այժմ գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանից բացի, վիրավորվել են նաև «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովն ու Հրանտ Բալադյանը։ Նրանց վիճակը կայուն է, հոկտեմբերի 9-ին նրանք կառավարական ինքնաթիռով տեղափոխվել են Ռուսաստան։

«Քահանան աղոթում էր, որ չմահանամ»․ Արցախում վնասվածք ստացած լրագրողը հարցազրույց է տվել