Մոտ ապագայում Փաշինյանը կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մոտ ապագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը և տեղեկություն կհայտնի առաջնագծում ստեղծված իրավիճակի մանրամասների առնչությամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Այժմ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ։ Դրանից առաջ նա հանդիպել էր արտախորհրդարանական ուժերի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ Բոլոր հանդիպումներն անցկացվել են փակ ձևաչափով։

«Մոտ ապագայում Փաշինյանը ինչ–ինչ բաներ կհայտնի հասարակությանը, քանի որ մենք բաց ենք եղել, իսկ հասարակությունն ամեն ինչի մասին պետք է տեղեկացված լինի»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` թուրքն ու ադրբեջանցին աշխատում են ոչ միայն սահմանին, այլ նաև սոցցանցերում։

Անդրադառնալով Ռուսաստանում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների հանդիպմանը` Սիմոնյանն ասաց, որ ի հեճուկս սին հայտարարությունների, թե Հայաստան–Ռուսաստան հարաբերություններն այնքան էլ լավ չեն, սա փաստեց այլ բան` երկու երկրների հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են։ Նա վստահեցրեց, որ Արցախի հիմնահարցի առնչությամբ համագործակցություն կա բոլոր գործընկերների հետ, այդ թվում` ՌԴ–ի։

ՀՀ վարչապետը պահանջում է դատապարտել ահաբեկչական հարձակումն ու ճանաչել Արցախի անկախությունը

Հարցին, թե քննարկվե՞լ է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ թեմայի առնչությամբ եղել են ակնարկներ, խոսակցություններ, բայց պաշտոնական մակարդակով նման հարց չի քննարկվել։

Խոսելով Արցախի ճանաչման մասին` Սիմոնյանը նշեց, որ դա օրհասական հարց է, և իրենք քայլեր են անում, որպեսզի տարբեր երկրներ ճանաչման գնան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 429 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Երեկ Ստեփանակերտում հրավիրած ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց`եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգան, որ Ադրբեջանը պատրաստ է հարցը լուծել խաղաղ ճանապարհով, Արցախի անկախությունը ճանաչելու հարցով դիմելու է ՀՀ իշխանություններին, միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: