Մոսկվայի համար կարևոր է կողմերին իրական բանակցությունների վերադարձնելը․ Մարկեդոնով

Ռուս քաղաքագետի կարծիքով՝ սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը ներկայիս մարտական գործողությունների համատեքստում իրեն պասիվ է պահում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի համար հիմա շատ կարևոր է վերադարձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական դիվանագիտական ձևաչափը։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակամուրջի ժամանակ։

Չնայած հոկտեմբերի 10-ից հայտարարված մարդասիրական հրադադարին, հակամարտության գոտում կրկին կատաղի մարտեր են ընթանում։

Մարկեդոնովը կարծում է, որ սխալ կլիներ մտածել, որ հրադադարի մասին որոշումը լիովին վերջ կդներ մարտական գործողություններին։ Համաշխարհային հակամարտությունների պատմությունը լի է օրինակներով, երբ զինադադար է կնքվում, բայց միշտ այն խախտելու փորձեր են արվում։

Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք. Արայիկ Հարությունյան

«Հրադադարի համաձայնության գալը ես չէի դիտարկի որպես պատերազմի ավարտ։ Հակամարտությունը չի կարող մեկ օրում լուծվել։ Հակամարտությունների և խաղաղության պահպանման գործընթացների ամբողջ պատմությունը լի է հրադադարներով և դրանց խախտումներով։ Այսօր Մոսկվայում պետք է տեղի ունենա հերթական դիվանագիտական հանդիպումը»,-հիշեցրել է Մարկեդոնովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան իրավիճակը շտկելու բազմաթիվ փորձեր կանի։ Ռազմական հակամարտությունը Ռուսաստանի հարավային սահմանների մոտ Մոսկվայի համար բարենպաստ սցենար չէ, հատկապես երրորդ կողմերի`պետական և ոչ պետական մասնակիցների ներգրավմամբ։

«Սկզբում տպավորություն էր ստեղծվում, որ Մոսկվան լուռ է։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Պետք է հասկանալ, որ դիվանագիտական ջանքերը հաճախ գաղտնի են արվում։ Եվ դա ճիշտ է։ Դրանք չպետք է լայն հրապարակայնություն ստանան։ Անվտանգության հարցերը կապված են Հայաստանում և Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի հետ»,-ասել է փորձագետը։

Նա նաև անդրադարձել է այն խոսակցություններին, թե ինչու Մոսկվան միանշանակ հայանպաստ դիրքորոշում չի զբաղեցնում, ինչպես անում է Անկարան Ադրբեջանի դեպքում։ Քաղաքագետը հիշեցրել է, որ Մոսկվան Անկարա չէ, այն, ի տարբերություն Թուրքիայի, ի սկզբանե բանակցությունների միջնորդ է եղել։

Հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում. Լավրովն ընդունել է Մնացականյանին

«Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր չեն, Ռուսաստանի համար կարևոր են հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այդ պատճառով Մոսկվայի արձագանքը չի կարող Անկարայի դիրքորոշման պատճենն ու հայելային անդրադարձը լինել։ Մոսկվայի համար կարևոր է իրական դիվանագիտական ձևաչափին վերադառնալը։ Այն երկար ժամանակ ընդհատված է եղել»,-նշել է Մարկեդոնովը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, հակամարտության գոտում հրադադար հաստատված չէ։ Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան