«Մայրը կրկնում էր` ինչո՞ւ հենց դու». բրազիլացի ռազմական թղթակիցը պատմում է Արցախի մասին

Գաբրիել Շաիմը մի քանի տարի եղել է Սիրիայում, սեփական աչքերով տեսել, թե ինչպես են երկիրն ազատում իսլամիստներից։ Հիմա էլ Արցախում է։ Ասում է` այստեղ ապրող մարդիկ չեն հարցնում` ով ես դու, որտեղից, յուրային ես, թե օտար։ Եթե դու այստեղ ես, ուրեմն պիտի հոգ տանեն քո մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «Հաղթանակը» էկրանին մի բան է, կյանքում՝ բոլորովին այլ բան։ Սա լավ գիտի բրազիլացի ռազմական թղթակից Գաբրիել Շաիմը։ Նա մի քանի տարի աշխատել է Սիրիայում, այնտեղից պատմել «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին։ Իսլամիստների գրոհներից մեկի ժամանակ սիրիական զորքերի ջոկատը, որի հետ է եղել նաև Շաիմը, շրջափակման մեջ է հայտնվել և հինգ ժամ շարունակ մնացել այնտեղ։ Արցախում գտնվող Շաիմի հետ զրուցել է Sputnik Արմենիայի թղթակից Կարեն Ավետիսյանը։

«Մայրը կրկնում էր` ինչո՞ւ հենց դու». բրազիլացի ռազմական թղթակիցը պատմում է Արցախի մասին

Թե՛ Սիրիայում, թե՛ Ստեփանակերտում բրազիլացի ռազմական թղթակիցը պատմում է այն մարդկանց մասին, որոնց մոռացել են «քաղաքակիրթ» աշխարհում` տարված լինելով ավելի կարևոր գործերով։

Հնարավոր է, որ ոչ բոլորին կհետաքրքրեն նրանք, ում Գաբրիելը նկարել է այստեղ և Սիրիայում։ Բայց նրանք հետաքրքրում են ռազմական թղթակցին։

«Ասե՞մ առաջին տպավորությունս։ Մարդիկ բարի են, փորձում են օգնել, ինչով կարող են։ Դա ինձ` որպես մարդու, հարստացնում է»,-խոստովանում է Գաբրիելը։

«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». Արցախում վիրավորված զինվորը չի խաբում հարսնացուին

Հարցին, թե ինչու է այստեղ, պատասխանում է․ «Ես ուզում եմ պատմել այն մասին, ինչին հավատում եմ։ Հայերը, քրիստոնյաները հիմա փոքրամասնություն են։ Իհարկե, հայերն այդ երկու երկրների (Թուրքիայի և Ադրբեջանի՝ խմբ․) դեմ կռվելու համար այդքան ռեսուրսներ չունեն, բայց նրանք այս հողը պաշտպանելու համար անում են հնարավոր ամեն բան։ Այնպես որ ես ճիշտ կողմում եմ»։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Նա տեսել է` ինչպես են թուրքական զորքերն օկուպացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքը։ 2019թ-ի նոյեմբերին եղել է ռմբակոծվող Թել-Աբյադում, որը հետո իսլամիստները գրավեցին թուրքական զորքերի աջակցությամբ։

«Այնտեղ նրանք փաստացիորեն գործում են այնպես, ինչպես այստեղ։ Պարզապես այնտեղ իրենք են կռվում, իսկ այստեղ կանգնած են ադրբեջանցի զինվորների մեջքի հետևում և զենք են մատակարարում նրանց»,-ասում է նա։

Ռումբերը նետում են մարդկանց վրա, որոնք ամեն օր կարող են կորցնել այն ամենը, ինչ ստեղծել են տարիների ընթացքում, իսկ ամենակարևորը՝ իրենք կողքիններին։ Գաբրիելի խոսքով` այս մարդկային ցավը բոլորի մոտ նույնն է` լինի Ղարաբաղում, Սիրիայում, Եմենում կամ Բրազիլիայում։

«Ես մի կնոջ տեսա, որը լալիս էր և ինչ-որ բան էր խոսում․․․Խնդրեցի, որ թարգմանեն նրա ասածը։ Նա կրկնում էր․ «Ինչո՞ւ հենց դու»։ Որդու մասին էր․․․Բոլորն էլ ունեն մայրեր, և այս ցավը հնարավոր է, որ բոլորն էլ զգան։ Սա ես ամենից լավ եմ հիշում», - պատմում է Գաբրիելը։

«Հաղթանակ» բառը կարող է լինել բնավ ոչ այնպիսին, ինչպիսին երևում է հեռուստացույցի էկրանին, երբ հոլիվուդյան երաժշտության տակ խիզախ մարտիկն ամրացնում է դրոշը, ապա գրկախառնվում սիրելիի հետ։ Հաղթանակի մեջ ամենակարևորը մարդկանց պատրաստակամությունն է ու նրանց հավատը, վստահ է ռազմական թղթակիցը։

«Երկրներ կան, որտեղ մարդիկ շատ փող ունեն և ուրիշ ոչինչ։ Չկա սեր այն տարածքի հանդեպ, որտեղ իրենք ապրում են։ Այդպիսի մարդիկ նույնիսկ հաղթանակի դեպքում արդեն պարտված են լինելու», - ասում է նա։

Իսկ Արցախում ապրող մարդիկ չեն հարցնում` ով ես դու, որտեղից, յուրային ես, թե օտար։ Եթե դու այստեղ ես, ուրեմն պիտի հոգան քո մասին։ Չնայած հենց իրենք հոգածության կարիք ունեն․․․

«Մենք նրանց սրտերում ենք։ Այլ կերպ չես ասի։ Նրանք մեզ համար նախաճաշ են պատրաստում, ինչպես իրենց երեխաների համար»,- եզրափակում է Գաբրիելը։