ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է մարտական գործողություններից հրաժարվելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում քաղաքական-դիվանագիտական միջոցների անցնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով ՝ Մոսկվայում բարձր են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան այցն ու նրանց կատարած աշխատանքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադարի մասին որոշումը:
«Մենք բարձր ենք գնահատում երկու նախարարների ժամանման փաստը, նրանց արձագանքեցին նախագահ Պուտինի նախաձեռնությանը և ժամանեցին Մոսկվա։ Բարձր ենք գնահատում նաև նախագահներ Պուտինի, Ալիևի և վարչապետ Փաշինյանի կատարած աշխատանքը»,-ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ այդ աշխատանքի արդյունք դարձան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունները:
«Մենք նաև բարձր ենք գնահատում համաձայնեցված ըմբռնումը և հումանիտար հրադադարի մասին որոշումը, որոնք ձեռք են բերվել այդ շփումների արդյունքում։ Այժմ մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Տեսնում ենք, որ երկու կողմերն էլ հայտնում են խախտումների մասին», - նշել է Պեսկովը՝ ընդգծելով պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան