Հայկական կողմը պատրաստ է, եթե Ադրբեջանը դադարեցնի կրակը

Արցախի Հանրապետության Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել, եթե ադրբեջանական կողմը խստորեն պահպանի կրակի դադարեցման ռեժիմը, և շփման գծում իրավիճակը կայունանա։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Պուտինը խոսել է ԼՂ–ում ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին. Լավրով

«Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը հիմք ընդունելով` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ղեկավարությունը բոլոր ստորաբաժանումներին հրաման է տվել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Ադրբեջանը շարունակում հրթիռակոծել Արցախը։