ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 370–ով և դարձել 56821։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
ԱՆ տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 9598 մարդ, կատարվել է 327163 թեստավորում (1269), առողջացել են վարակվածներից 45891–ը։ Գրանցվել է մահվան 1026 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 306 (+3) է։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել: