Հադրութ քաղաքը լիարժեք գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ. Հովհաննիսյան

Ադրբեջանը Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարել և չի էլ պատրաստվում կատարել։ Ադրբեջանի ղեկավարության կողմից հայտարարությունները, թե նրանք պատրաստակամ են եղել կատարելու այդ պատրտավորությունները, լիովին կեղծիք են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը վաղ առավոտյան նորից սկսել է հարձակվողական միջոցների դիմել 3-4 ուղղություններով։ Տեղեկությունն այսօր ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Մարտակերտի ուղղությամբ կիրառել են ծանր հրանետային միջոցներ։ «Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման աջակցության տակ կիրառելով բազմապիսի մարտական հարվածային ԱԹՍ–ներ` կատարել են 36 մարտական թռիչք»,–ասաց Հովհաննիսյանը։

Փաշինյանը դիվանագետներին ասել է` ինչի համար է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս

Նա հավելեց, որ Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել։

«Հադրութ քաղաքը լիարժեք գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ»,–հավելեց նա։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանը Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարել և չի էլ պատրաստվում կատարել։ Ադրբեջանի ղեկավարության կողմից հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու այդ պատրտավորությունները լիովին կեղծիք են։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո