ԵՐԵՎԱն, 12 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության Արսեն Թորոսյանը բաց նամակով դիմել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին` Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19-ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար:
«Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները։ Այդ ամենի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում»,–գրել է Թորոսյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին և նպաստում է վիրուսի տարածմանը:
Թորոսյանը հայտնել է նաև, որ ԼՂ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր:
Թորոսյանը տեղեկացրել է, որ վիրավորներին օգնելու համար իրենց ծառայությունը կատարելիս զոհվել են նաև մի շարք բուժաշխատողներ: Նա հիշեցրել է` հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան։
Թորոսյանը հորդորում է ԱՀԿ–ին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19-ի երկրորդ ալիքի սրացումը կանխելու համար։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրսով վարակվածության ցուցանիշերը զգալիորեն բարձրացել են։ Եթե մինչև ռազմական դրությունն օրական 200-250-ի սահմաններում էր վարակվածության տարածումը, ապա այժմ 600-700-ի շեմին է։