Ստեփանակերտի հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայի բանակցություններին. Պողոսյան

Արցախի նախագահի խոսնակը մեկնաբանել է մայրաքաղաքի հրթիռակոծումը` նշելով, որ ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է հումանիտար հրադադարի պայմաններում Արցախի մայրաքաղաքի հրթիռակոծման փաստին` նշելով, որ Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։

Հադրութում ադրբեջանցիները սպանել են 2 բնակչի` մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն

«Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից»,– գրել է նա։

Պողոսյանի խոսքով` այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը։

Հայտնել էինք, որ քիչ առաջ թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ Sputnik Արմենիայի թղթակցին ականատեսները պատմել են, որ Ստեփանակերտի երկնքում ԱԹՍ է նկատվել։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան