Սա զազրելի ագրեսիա է. Զոհրաբ Մնացականյանը` Ստեփանակերտի հրթիռակոծման մասին

ՀՀ ԱԳՆ նախարարը տեղեկացնում է, որ Ադրբեջանը չի պահում պայմանավորվածությունը և կրակ է բացել Ստեփանակերտի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել` ասելով, որ Ադրբեջանը շարունակում է հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա։

Հադրութում ադրբեջանցիները սպանել են 2 բնակչի` մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն

«Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերած համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի։ Սակայն այսօր ժամը 12-ից հետո, խախտելով իր պարտավորությունները, Ադրբեջանը շարունակում է հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա»,–գրել է Մնացականյանը` հիշեցնելով, որ այս պահին հրթիռակոծվում է Ստեփանակերտը։

Մնացականյանի խոսքով` սա զազրելի ագրեսիա է։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, այսօր երեկոյան թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, Շուշին և Մարտունին ու հարակից մի քանի գյուղեր։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան