ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հրադադարի հաստատման պահից Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 5 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ստեփանակետրում կայացած ասուլիսում։
«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս սպանվել է 25 մարդ, որոնցից 5-ը` երեկ։ 25-ից 9-ը կանայք են, 1-ը` իննամյա երեխա։ Ընդհանուր առմամբ` ունենք 102 վիրավոր», – ասել է Բեգլարյանը։
Նա նշեց, որ քաղաքացիներից չորսը սպանվել են Հադրութ քաղաքում, մեկը` Մարտունիում։
Հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Օրվա վերջին և գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին: Դրանց հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ մահացել է 75-ամյա Պարգև Սաղյանը։
«Ադրբեջանը բարձր ճշգրտությամբ կիրառել է քաղաքացիական բնակչության դեմ ԱԹՍ–ներ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանական ԶՈւ-ն ուներ ընդգծված միտում հարվածելու և կորուստներ պատճառելու խաղաղ բնակչությանը», – ասել է Բեգլարյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո