ԵՐԵՎԱն, 11 հոկտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook–ի իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը Հայաստանի մայրաքաղաք Երևանում ավանդաբար նշվող Էրեբունի-Երևանի տոնը հետաձգվում է:
«Տոնական միջոցառումները, հասկանալի է, հետաձգվել են: Քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը»,- գրում է Մարությանը:
Նա նաև նշում է, որ հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքն անխորտակելի են:
«Ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետեւ մեր գործը արդար է, հաղթանակը՝ անխուսափելի: Փա՜ռք հերոսներին, փա՜ռք միասնական հայությանը, կեցցե՜ հավերժական Հայաստանն ու Արցախ աշխարհը»,- գրել է Երևանի քաղաքապետը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ համայնքի 2020թ. բյուջեի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ էր հատկացրել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Դիմելու եմ ՀՀ-ին ու աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. ԱՀ նախագահ
Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո