«Ես ինքս կուրացել եմ ականից արդեն պատերազմից հետո». Բեգլարյանը կոչ արեց զգույշ լինել

Արցախի ՄԻՊ–ն ընդծեց, որ Ադրբեջանի կողմից կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, որոնք հումանիտար աղետի կարող են հանգեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտում կայացած ասուլիսում վկայակոչելով իր անձնական փորձը, կոչ արեց արցախցիներին զգույշ լինել չպայթած զինատեսակներից։

«Ես ինքս կուրացել եմ ականից, երբ վեց տարեկան էի։ 1995 թվականն էր, արդեն պատերազմն ավարտվել էր։ Նման դեպքեր շատ երեխաների և մեծահասակների հետ են եղել պատերազմից հետո։ Ցավոք, այժմ ամբողջ Արցախում նման ականներ կան, և ես կոչ եմ անում միջազգային հանրությանը` աջակցել մեզ դրանք ականազերծելու հարցում», – ասաց Բեգլարյանը։

Նա ընդծեց, որ Ադրբեջանի կողմից կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, որոնք հումանիտար աղետի կարող են հանգեցնել։ Արցախի ՄԻՊ–ը նշեց, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի պատճառով տուժել կամ լիովին ավերվել է 5800 շինություն, 960 հանրային նշանակության օբյեկտ, 520 շարժական գույք։

Հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 5 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ

«Ադրբեջանը հատուկ թիրախավորել է քաղաքների էլեկտրակայանները, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերը։ Որոշ դեպքերում նրանց հաջողվել է բնակչությանը զրկել լույսից, գազից։ Տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել տնտեսությանը», – ասաց Բեգլարյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո