ԵՐԵՎԱն, 11 հոկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ պայմանավորվածության համաձայն՝ գերիների ու զոհվածների փոխանակման գործընթացը շփման գծում նախատեսվում է սկսել այսօրվանից:
«Պայմանավորվածության համաձայն արդեն պետք է ընթանար, և ԿԽՄԿ կանոններին համապատասխան այսօր պետք է արդեն սկսենք: Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի նկատմամբ՝ իր զինվորների դիակների փոխանակման առումով: Պատկերացրեք՝ հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, այդ իշխանությունն անտարբեր է»,-ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9-ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Հոկտեմբերի 10-ին, սակայն, Ադրբեջանն ամբողջ օրը շարունակել էր Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունն ու դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել Արցախի Հադրութ քաղաքի նկատմամբ:
Դրանից հետո հայկական կողմը հայտարարեց, որ զոհերի ու գերիների փոխանակում կիրականացնի միայն ԿԽՄԿ ներկայության ու միջնորդության պայմաններում:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:
Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն