Առաջնագծի որոշ մասերում համեմատաբար հանգիստ վիճակ է եղել. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ հրադադարի ռեժիմը, որը թույլ կտար իրականացնել դիակների և գերիների փոխանակում, լիարժեք չի պահպանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Առաջնագծի որոշ մասերում համեմատաբար հանգիստ վիճակ է եղել։ Տեղեկեւթյունն այսօր` հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զենքերից կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմը, որը թույլ կտար իրականացնել դիակների և գերիների փոխանակում, լիարժեք չի պահպանվել։ Մենք հստակ հայտարարել ենք, որ մինչև հրադադարի լիարժեք պահպանում չլինի, Կարմիր Խաչը չի կարողանա աշխատել, դիակները լիովին չեն կարող դուրս բերվել», – ասաց Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ադրբեջանական կողմը հրադադարի հաստատումից հետո անգամ կրակ է բացել Արցախի ուղղությամբ։ Մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտը երեկ գիշերը հրթիռակոծվել է նույն տրամաչափի կրակային միջոցներով՝ հեռահար համազարկային կայանքներով, ինչպես հրադադարից առաջ։

Ադրբեջանցիները կրակ են բացել շտապօգնության մեքենայի վրա. լուսանկարներ

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ թուրքական և իսրայելական զինատեսակներին։

«Մենք հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները։ Մասնավորապես, օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական F-16 վեց միավոր կործանիչների պատսպարմամբ և ուղեկցմամբ՝ թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և ԶՈւ-ին։ Այդ գործողությունները կասեցնում են ՊԲ ՀՕՊ միջոցները», – ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

«Պարզունակ սադրանք». Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի հայտարարությունները

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո