Երկու շաբաթվա դժվարին մարտերի ընթացքում Արցախը ցույց տվեց, որ անպարտելի է. նախագահ

Գագաթաժողովին մասնակցում էին ավելի քան 500 պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում անցկացված Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովում քննարկել է Արցախի պատերազմը տարբեր երկրներից միացած ավելի քան 500 գործիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքից։

Թույլ չենք տա նոր ցեղասպանություն. Արմեն Սարգսյանը դիմել է հայությանը

Գործիչների մեծ մասը գագաթնաժողովին միացել են օնլայն։

«Այսօր մեր քննարկումները կկենտրոնանան երկու խնդրի վրա, մեկը C-19-ն է՝ կորոնավիրուսը, մյուսը C-20–ը` Կովկաս-20-ն է, այսինքն այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախի Հանրապետության և Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի միջև», – ասել է նախագահը։

Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը իր տեսաուղերձում հույս է հայտնել, որ Հարավային Կովկասի ողբերգությունը հանգուցալուծում կստանա։

«Տա Աստված` ձեզ մոտ էլ վիրավոր չգա». Արցախի նախագահը հանդիպել է բուժաշխատողներին

«Այժմ ավելի քան երբևէ կարևոր է, որ հավատարիմ մնանք երկխոսությանը և հարգենք մարդկային կյանքը՝ անկախ տարիքից, սեռից և ազգությունից: Որևէ տեսակի ուժի կիրառումը հատկապես անթույլատրելի է կորոնավիրուսի համավարակի պայմաններում», – շեշտել է Կուդրինը։

Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն իր խոսքում ընդգծել է, որ աշխարհն անցնում է դժվար մի փուլով, որը հրամայական է դարձնում համերաշխության կառուցումը:

«Մենք տեսնում ենք բոլոր մակարդակներով լարման աճ, աճող ազգայնականություն՝ սկսած ձեր իսկ տարածաշրջանում տիրող իրավիճակից, որն ավելի է ահագնացել Ադրբեջանի և Թուրքիայի հավակնությունների պատճառով, ովքեր ընտրել են ուժի և առճակատման տրամաբանությունը: Ցանկանում եմ ձեր ժողովրդին հայտնել իմ անկեղծ բարեկամությունը, և, ինչպես հավաստիացրել էր նախագահ Մակրոնը, հայտնել Եվրոպայի ընկերների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղ կարգավորմանը», - նշել է Դոմինիկ դը Վիլպենը:

Արմեն Սարգսյանն ու ՌԴ դեսպանն են հանդիպել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը նույնպես իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին և ողջունել է ժամանակավոր մարդասիրական հրադադարի մասին համաձայնությունը։

«Ցանկանում եմ միայն մեկ բան, որ աշխարհի այդ գեղեցիկ վայրում խաղաղություն լինի: Իսկ մնացածը կլուծենք քայլ առ քայլ», – ասել է նա։

Նախագահ Սարգսյանը ի պատասխան Շվիդկոյի խոսքին ևս մեկ անգամ բարձր է գնահատել Ռուսաստանի դերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու հարցում։

«Երկու շաբաթվա դժվարին մարտերի ընթացքում Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը ցույց տվեցին, որ անպարտելի են նույնիսկ Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջան բերված իսլամիստ ահաբեկչական խմբերի դեմ պայքարում: Չկա այլ լուծում, քան վերադառնալ բանակցությունների սեղան և բանակցել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի և ամբողջ տարածաշրջանի ապագայի համար: Պատերազմն ամենևին լուծում չէ», – ընգծել է Սարգսյանը։

Մտքերի հայկական գագաթնաժողովը երկրորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում։ Նախորդ տարի այն անցկացվել էր Դիլիջանում։