ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը։ Այն համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան