ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ այս պահին Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։ Տեղի Sputnik Արմենիայի թղթակիցն էլ տեղեկացնում է, որ լսվել են պայթյունի ձայներ։ Տագնապի ձայնային ազդանշանը դեռ հնչում է։
Ականատեսներից մեկի խոսքով` Ստեփանակերտի օդում նկատվել է հակառակորդի ԱԹՍ։ Մինչ այդ արդեն տեղեկացրել էինք, որ Արցախի մայրաքաղաքում օդային տագնապ է հայտարարված։
Չնայած ժամը 12։00–ից գործող հումանիտար հրադադարի ռեժիմին, թշնամին շարունակում է խախտել այն` թիրախավորելով խաղաղ բնակչությանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:
Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն