Կոտենոկը վերակենդանացման բաժնում է. խոստանում է` մանրամասն կգրի Շուշիում կատարվածի մասին

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն և ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը այցելել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավորված ռուս լրագրողին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա կոմայից արդեն դուրս է եկել և, թեկուզ դժվարությամբ, բայց կարողանում է շփվել մարդկանց հետ։ Կոտենոկը խոստանում է, որ ի վիճակի լինելուն պես հոդվածով մանրամասն կներկայացնի իր վիրավորման հանգամանքները և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրետանակոծությունը։

Ինչպես Երևան տեղափոխեցին Շուշիում վիրավորված ռուս լրագրողին. տեսանյութ

Նրա խոսքով՝ տաճարին հասցրած երկրորդ հարվածը կանխամտածված է եղել, քանի որ մինչ այդ քաղաքի այդ մասի երկնքում ԱԹՍ էր նկատվել։

Օդային գրոհի արդյունքում լրագրողը ծանր վիրավորվել է և անգիտակից վիճակում տեղավորվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Հիմա նա առույգ է, ժպտում է, բայց երբեմն ցավը ստիպում է կնճռոտել դեմքը։ Հետաքրքիր է, որ նա ինձ ճանաչեց և ասաց ազգանունս։ Ասաց, որ մենք հանդիպել ենք Չեչնիայում»,-պատմում է Պիսարենկոն։

Հայաստանում ռուսական համայնքի պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովն էլ իր հայրենակից լրագրողին փոխանցեց իր հեռախոսահամարը՝ անհրաժեշտության դեպքում կապվելու համար։

Վիրավոր լրագրողին այցելել են նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին

Հիշեցնենք` ռուս լրագրողները վիրավորվել էին հոկտեմբերի 8-ին։ Ադրբեջանական ԶՈւ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու առաջին հրթիռակոծությունից հետո լրագրողներն այնտեղ էին գնացել հետևանքները նկարահանելու համար։ Այդ ժամանակ Ադրբեջանը երկրորդ անգամ էր հրթիռակոծել եկեղեցին, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողներ Յուրի Կոտենոկն ու Լևոն Արզանովը, նաև նրանց ուղեկցողը` Հրանտ Բալադյանը։

Հայաստանը Շուշիի եկեղեցու նկատմամբ վանդալիզմի փաստով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Վերջին երկուսը թեթև վնասվածքներ էին ստացել, իսկ Յուրի Կոտենոկը` ծանր։ Նա բեկորային վնասվածքներ էր ստացել որովայնի, կրծքավանդակի և ստորին վերջույթների շրջանում։ Արզանովը և Բալադյանը հոկտեմբերի 9-ին կառավարական ինքնաթիռով տեղափոխվել են Ռուսաստան։