Կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, խոսելով արցախա–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ասել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կոմպրոմիսի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով չարձագանքի, արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմը կարող է ընդլայնվել մեր տարածաշրջանում դեպի ավելի մեծ տարածաշրջան: Գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նույնիսկ կարճաժամկետ հրադադար չէ». Լարիսա Ալավերդյանը հորդորում է շատ չոգևորվել

«Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակին: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ: Որովհետև՝ ասել եմ և էլի չեմ զլանա ասել, եթե միջազգային հանրությունը, մասնավորապես Եվրոպան այս իրավիճակին պատշաճ չարձագանքի, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է հնարավոր կոմպրոմիսներին, ապա Փաշինյանի խոսքով` դա հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են կոմպրոմիսի. Ադրբեջանը պատրաստ չէ: Որպես օրինակ նա բերել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կրակը դադարեցնելու մասին հայտարարությունը, ինչը հայկական կողմերը ողջունում են, իսկ Ադրբեջանը չի արձագանքում որևէ կերպ:

Ավելին, այս դեպքում Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, թե Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, ըստ վարչապետի, կարող է դառնալ այս իրավիճակից ելք:

Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտումը Ռուսաստանին ուղղված մարտահրավեր է. քաղաքագետ

Փաշինյանն ասել է նաև, որ Թուրքիան 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար: Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան