Ինչու է դադարեցվել դիակների փոխանակման գործընթացը. Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց

Արծրուն Հովհաննիսյանն խոսեց հումանիտար հրադադարի մասին ու ասաց, թե ինչ պարագայում կշարունակվի գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի –Sputnik. Հրադադարից հետո պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո գործընթացը դադարեցվել է։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` խոսելով հումանիտար հրադարարի մասին։

Հակառակորդը մեկ օրում շուրջ 200 զոհ է ունեցել. Հովհաննիսյան

«Իրենց մի քանի դիակները տարել են, սակայն այդ գործընթացը դադերցվեց, քանի որ այդ դեպքերն օգտագործվեցին պրովոկացիների համար։ Այդ իսկ պատճառով էլ պաշտոնապես հայտարարում ենք` դիերի փոխանակում կթույլատրվի միայն տեղում Կարմիր խաչի ներկայացուցիչների պարագայում»,–ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացուցիչներն են փորձել ներխուժել Հադրութ, Հովհաննիսյանը հորդորեց հետևել պաշտոնական լուրերին։ Նա նշեց` այն, որ Ադրբեջանի ԶՈւ–ի կազմում կան ահաբեկիչներ, դա փաստ է։

Նա հայտնեց նաև, որ այս պահին արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական անդորր է։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան