Բեռլինը Երևանին ու Բաքվին հորդորում է Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցություններ սկսել

Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շնորհակալություն է հայտնում ռազմական գործողությունները դադարեցնելու հանձնառության համար և աջակցություն հայտնում նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Բեռլինը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նպատակով հրադադար հաստատելու որոշումը։

Ադրբեջանը չի կատարել իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և ամեն գնով խուսափել նոր զոհերից:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա բովանդակալից բանակցություններ սկսելու` երկու երկրների պատրաստակամությունը։ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում ինտենսիվ աշխատել հակամարտության խաղաղ և ամուր կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն։

Գերմանիայի կառավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շնորհակալություն է հայտնում ռազմական գործողությունները դադարեցնելու հանձնառության համար և աջակցություն հայտնում նրանց։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան