Ֆրանսիան ողջունում է Ղարաբաղում մարդասիրական հրադադար հայտարարելու որոշումը

Հիմա հրադադարի ռեժիմը պետք է խստորեն պահպանվի ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նպատակներով հրադադարի հայտարարումը: Այժմ այն պետք է իրականացվի ու խստորեն պահպանվի երկու երկրների միջև ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Ֆրանսիան, ինչպես և նախկինում, պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ հարցում»,– նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև կոչ է արել կողմերին առանց նախապայմանների վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան