Դուրս է նետում կուտակվածը. ինչպես է Լևոն Արոնյանը խաղում Ստավանգերում

Ռուս փորձագետը կարծում է, որ այն ամենը, ինչ կուտակել է Արոնյանը, այժմ շախմատի միջոցով է արտահայտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայ անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը կայուն և աշխույժ խաղ է ցուցադրում Ստավանգերի խոշոր մրցաշարում՝ կարծես դուրս շպրտելով այն ամենը, ինչ կուտակվել է իր հոգում: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը:

Նաև լավ խոհարար է. Արոնյանի տորթը լավագույնն է ճանաչվել շախմատային մրցաշարում. տեսանյութ

«Ստավանգերի մրցաշարում Արոնյանի խաղից պարզ է դառնում, որ Լևոնը կարոտել է շախմատը: Կարող ենք ասել, որ վերջին տարիները բավականին ճգնաժամային էին տարբեր պատճառներով (այդ թվում` կնոջ` Արիանա Կաոիլիի ողբերգական մահը 2020թ.-ին դժբախտ պատահարի հետևանքով)։ Եվ նա որոշակի լճացում ուներ շախմատում: Ինձ թվում է, որ այն ամենը, ինչ նա կուտակել է, այժմ դուրս է բերում շախմատային ստեղծագործության միջով: Եվ նա լավ է խաղում` կայուն և վառ: Նրա գործողություններում երևում է այն Արոնյանը, որը փայլում էր ժամանակին: Տեսնենք, թե հետո ինչ կլինի», - ասել է Սմագինը:

Փորձագետը վստահ է, որ Լևոն Արոնյանը մրցաշարի առաջին տեղի համար պայքարում կարող է մրցել նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկել է շախմատի Altibox Norway Chess միջազգային մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Ալիռեզա Ֆիրուջան և Տարի Արյանը:

Մինչ այդ` հոկտեմբերի 2-ին, Արոնյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էրԱրցախում ծավալված իրադարձություններին` գրելով, որ հայերը հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, այդ պատճառով ինքը լռել չի կարող։

«Սա ինձ համար անհավատալի է, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ընդունել է 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում մոտ մեկուկես միլիոն հայ սպանվեց։ Պատկերացրեք` իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ 1960-ականներին կամ ավելի ուշ Գերմանիան զորքեր ուղարկեր Իսրայելի դեմ կռվելու, և Գերմանիայի նախագահը բարձրաձայն հայտարարեր, որ հրեա ժողովրդին պետք է դաս տալ: Սյուրռեալիստական չէ՞: Այսպիսով, նվազագույնը, որ ես կարող եմ անել նման իրավիճակում, տեղեկացնելն է ու իմ ժողովրդին ամեն ինչով աջակցելը»,– գրել էր նա:

Շախմատիստը համոզմունք էր հայտնել, որ ամեն բան կարող է լուծվել բանակցությունների միջոցով։