Ադրբեջանը երևակայության նոր ռեկորդ է սահմանել. Հովհաննիսյանը` Հադրութին հարվածելու մասին

Ադրբեջանը շարունակում է իրականությունից կտրված հայտարարություններ անել։ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է նրանց հերթական հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե հիմա էլ հայկական զինուժը «Խոջալուից հարվածներ է հասցնում Հադրութին»։

«Խոջալուից Հադրութին հարվածելու մասին լուրը արդեն ոչ թե սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է»,– գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր ադրբեջանական ԶՈւ–ն գրավել է Հադրութն ու շրջակա մի քանի գյուղերը։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել էր ադրբեջանական հայտարարություններին. «Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն` տասնյակ կիլոմետրեր»:

Մեր պատասխանն Ալիևին. Արցախի ՊԲ-ն Հադրութից տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ Facebook–ի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը` նշել էր, որ Հադրութում է և, չգիտես ինչու, միայն հայերի է տեսնում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն