ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի –Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը։ ԱԳՆ–ն նման հայատարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով հումանիտար հրադադարի հաստատմանն ու ադրբեջանական կողմի գործողություններին։
«ՀՀ ԱԳՆ–ն նախազգուշացնում է, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»,–նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայաստանի արտաքին գերատեսչությունից հիշեցնում են, որ չնայած հումանիտար հրադադարի պահպանման` ադրբեջանական կողմի ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակել է մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ են հասցվել ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերին:
Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները, ըստ ԱԳՆ–ի, ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: Ավելին, իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով, որ ՀՀ ԶՈւ–ն կրակի տակ է պահում բնակավայրերն ու ճակատային գիծը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան
Չնայած դրան նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ և ձախողել է: