Ադրբեջանը նոր գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլիի» ուղղությամբ` խախտելով պայմանավորվածությունը

Թեպետ հրադադարն արդեն պաշտոնապես ուժի մեջ է մտել, սակայն ադրբեջանական ԶՈՒ–ն շարունակում է հարձակումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը նոր գրոհ է ձեռնարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան