Յուրի Կոտենոկին Երևան տեղափոխեցին սանավիացիայի ուղղաթիռով

Շուշիում վիրավորված ռուս լրագրողին Երևան են տեղափոխել Գորիսից։ Գիշերը նրան կրկին վիրահատել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը, որը վիրավորվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով, սանավիացիայի ծառայության ուղղաթիռով տեղափոխվեց Երևան: Տեղեկությունը հայտնում է Sputnk Արմենիայի թղթակիցը։

Ադրբեջանական ԶՈւ–ն միտումնավոր է թիրախավորել լրագրողներին. ԱԳՆ

Ուղղաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» բուժկենտրոնի մոտ։ Բացի Կոտենոկից, ևս երկու հոգի այսօր առավոտյան տեղափոխվեցին «Էրեբունի»` հետագա բուժում ստանալու։ Վիրավորները կտեղափոխվեն Մոսկվա, թե ոչ, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք` Կոտենոկը վիրավորվել էր երեկ, երեկոյան նրա վիճակը ծանր էր։ Բացի նրանից, միջին ծանրության վնասվածքներ են ստացել նաև «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը:

Գիշերը լրագրողին կրկին վիրահատել են։ Նա մոտ 3,5 լիտր արյուն էր կորցրել, բայց բժիշկները կարողացել էին վերականգնել այն։ Կոտենոկը նաև վերքեր ունի որովայնի և վերջույթների հատվածում։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը երեկ Sputnik Արմենիային ասել էր, որ դեսպանությունը պատրաստ է ստանձնել Շուշիում հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս լրագրողի տեղափոխումը Մոսկվա, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին