Շուշիում վիրավորված լրագրողներից 2-ին ՌԴ կառավարական ինքնաթիռով տեղափոխում են Մոսկվա

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով վիրավորված լրագրողներից մեկը` Յուրի Կոտենոկը, դեռ Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնում է։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված երկու լրագրողներին ՌԴ կառավարական «Ռոսիա» ինքնաթիռով տեղափոխում են Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նույն ինքնաթիռով են Մոսկվա են վերադառնում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի պատվիրակության անդամները, ինչպես նաև նրա այցը լուսաբանած լրագրողները։ Ինքնաթիռի թռիչքը հատուկ հետաձգվել է վիրավորվածներին` «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովին ու նրան ուղեկցող Հրանտ Բալադյանին վերցնելու համար։

Նրանք երկուսն էլ միջին ծանրության վնասվածքներ են ստացել։ Երրորդ լրագրողը` Յուրի Կոտենոկը, դեռ Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնում է։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Իմ գործընկեր Յուրի Կոտենոկը ծանր վիճակում է, հիմա Երևանի հիվանդանոցում է, հայ բժիշկներն ամեն ինչ անում են նրան փրկելու համար», - ասել է Լևոն Արզանովը ինքնաթիռում գտնվող լրագրողներին։

Կոտենոկը մոտ 3,5 լիտր արյուն էր կորցրել, բայց բժիշկները կարողացել էին վերականգնել այն։ Կոտենոկը նաև վերքեր ունի որովայնի և վերջույթների հատվածում։ Նրան արդեն երկու անգամ վիրահատել են։ Բժիշկների գնահատմամբ` կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք` լրագրողները վիրավորվել են երեկ` հոկտեմբերի 8-ին։ Ադրբեջանը նախ հրթիռակոծել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ապա սպասել մինչև այնտեղ հավաքվեն մարդիկ` տեսնելու ավերածությունը, և նորից է հարված հասցրել տաճարին։ Առաջին հարվածի ժամանակ եկեղեցում երեխաներ են եղել, որոնք, բարեբախտաբար չեն տուժել։