Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

Կառավարությունը խստացնում է ռազմական դրության սահմանափակումները խախտողների ու դասալիքների դեմ կիրառվող պատիժները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում միաձայն հաստատեց կառավարության ներկայացրած ռազմական դրության հետ առնչություն ունեցող օրենսդրական նախագծերի փաթեթները:

Դրանցից առաջինը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը ընդունվեց 70 կողմ ձայնով:

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել ռազմական դրության սահմանափակումները խախտելու հարցով

Դրանցով, գործադիրն առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:

Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը խախտելու համար տուգանքը կկազմի 200 000- 300 000 դրամ, ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակումները խախտելու համար՝ 500 000 – 1մլն դրամ, սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտողները նույնպես կտուգանվեն 500 000 – 1մլն դրամով: Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելողները կտուգանվեն 100 000 – 200 000 դրամով:

Խրամատում հիմա միայն մեկ պատգամավոր կա. ԱԺ փոխնախագահը հայտնեց` ով է նա

Նոր կարգավորմամբ տուգանքներ են նախատեսված նաև լրատվական գործունեություն իրականացնողների համար: Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելու, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելու համար լրագրողներն ու ԶԼՄ-ները կտուգանվեն 700 000 -1 մլն դրամով:
Իսկ եթե ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտել են ոչ թե լրագրողները, այլ շարքային քաղաքացիները, նրանց համար տուգանքը կկազմի 300 000 – 700 000 դրամով:

Ադրբեջանի հետ պետք է կնքվի ոչ թե զինադադարի, այլ խաղաղության պայմանագիր. ԱԺ պատգամավոր

Պաշտպանական միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներից խուսափելու, տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու համար տուգանքը կկազմի 300 000- 500 000 դրամ:

Ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելու արգելքը խախտողները կտուգանվեն 400 000- 700 000 դրամով:

Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսվում է 200 000 – 500 000 դրամ:

ՀՀ Ազգային ժողովի 80 կողմ ձայներին արժանացած մյուս նախագիծը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է: Դրանում կատարված փոփոխությամբ այսուհետ գործատուները պարտավոր կլինեն պահպանել կամավորագրված, զինվորագրված, զորակոչված իրենց աշխատակիցների աշխատատեղերն ու աշխատավարձերը՝ մինչև նրանց վերադարձը աշխատանքի: