ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը լավատեսորեն է տրամադրված ինտեգրացիոն կառույցի շրջանակում ուղևորափոխադրումները վերսկսելու առումով:
Գարնանը ավիահաղորդակցությունը սահմանափակվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով ։
Մյասնիկովիչն այսօր Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ ի թիվս այլ թեմաների` քննարկվել է նաև ավիահաղորդակցության հարցը:
«Շատ կարևոր թեմա է։ Սա ոչ միայն սոցիալական, այլև գործարար ակտիվության հարց է։ Քաղաքացիները շատ լուրջ խնդիրների են բախվել, որովհետև առկա հարցերի լուծմամբ զբաղվող պաշտոնյաների ու մասնագետների, գործարար համայնքների ներկայացուցիչների բավարար շարժ չկա»,– ասաց Մյասնիկովիչը։
ԵԱՏՄ գազի շուկայի հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև 2020թ․-ի ավարտը․ Բելառուսի վարչապետ
Նա կարծում է, որ փոխադրումների հարցը կարևոր է նաև մարդկանց համաճարակաբանական անվտանգության տեսանկյունից։ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարի խոսքով՝ այսօրվա նիստին ներկայացվել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժշկի հանգամանալից զեկույցը: Սանիտարական իշխանությունները չեն կասկածում ԵԱՏՄ երկրների ներկայացրած սանիտարահամաճարակային իրավիճակի մասին տեղեկությունների հավաստիությանը։ Դա որոշակի վստահություն է ներշնչում, որ ԵԱՏՄ երկրներում քաղաքացիական ավիահաղորդակցության վերականգնման հարցերը շուտով կլուծվեն։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում անցկացվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
«Ճամփորդիր առանց COVID-19-ի». Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ-ում տեղաշարժի սահմանափակումների մասին