Լաքոտը վերահաստատել է` Ֆրանսիան պատրաստ է աջակցել, որ Ղարաբաղում կրակը դադարեցվի

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին։ Կողմերը քննարկել են արցախա–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին խնդրի կարգավորման ուղղությամբ կիրառվող ջանքերի և անկողմնակալ մոտեցման համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարածքում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումերը:

Ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Փաշինյան

Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր` Ֆրանսիան համապատասխան տեղեկություններ ունի, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկել Ղարաբաղ։ Նրա խոսքով` հավաստի տեղեկությունները վկայում են, որ գրոհայիններն ուղարկվել են մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։ Ֆրանսիայի ունեցած տվյալներով` գրոհային–ջիհադիստները Սիրիայից տեղափոխվել են թուրքական Գազիայնթափ` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու։ 

Նույն օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, համատեղ հայտարարություն էին տարածել` դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում բռնությունների աճը: Նրանք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ էին արել անհապաղ պայմաններ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու համար: