Կաթնառատ գյուղում աղիքային հիվանդության 28 նոր դեպք է հայտնաբերվել․ ԱՆ

Աղիքային հիվանդության ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում, շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀառողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 9-ի, ժամը 11-ի դրությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության և բակային համայցի ընթացքում հայտնաբերվել է աղիքային հիվանդության ևս 28 նոր դեպք»,-նշված է հաղորդագրության մեջ:

614 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 55 087

Նշենք, որ ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

«Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդում էր ստացել, որ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղից 6 քաղաքացի հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն սուր աղիքային վարակ ախտորոշմամբ՝ ընդհանուր թուլություն, լուծ, բարձր ջերմություն ախտանշաններով:

Կորոնավիրուսից ևս 6 մարդ է մահացել. 43–ամյա տղամարդն այլ հիվանդություն չի ունեցել

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում հոկտեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել էր ևս 33 դեպք, պարզվել է նաև, որ բոլորը նույն թաղամասից են և օգտագործել են նույն թաղամասի մակերեսային աղբյուրի ջուրը:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: