«Ղազանչեցոցը հարվածելով` ուզում էին մեր հաղթանակը խլել». Շուշիի հոգևոր հովիվ

Տեր Անդրեասը նշում է, որ Ադրբեջանը հատուկ է հրթիռակոծել Շուշին. Բաքուն այսքան տարի չէր մարսել իր պարտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը հարվածեց հենց Ղազանչեցոց եկեղեցուն, քանի որ այն Շուշիի հաղթանակի խորհրդանիշն էր դարձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին

Երեկ երկու անգամ հրթիռակոծվել է Շուշին, որի հետևանքով բավական վնասվել է։ Կան նաև տուժածներ` ռուս լրագրող է վնասվածքներ ստացել։

«Ղազանչեցոցը Շուշիի ազատագրման ժամանակ մեր զինվորների հանդիպման վայրն էր։ Կարծում եմ` Ադրբեջանցիները այսքան տարիների ընթացքում դժվար էին տանում իրենց պարտությունն ու մեր հաղթանակը։ Նրանք թիրախավորեցին այս եկեղեցին, որ մեր հաղթանակը խլեին։ Սակայն Ղազանչեցոցը նորից կկանգնի. այն 70 տարի սպասում էր, որպեսզի ազատագրվեր և հիմա էլ սպասում է, որ ազգովի վերականգնենք այն»,–ասաց տեր Անդրեասը։

«Եկեղեցին վառվում էր, հազիվ մեզ հանեցին էնտեղից». տուժածները` Շուշիի հրթիռակոծության մասին

Նրա խոսքով` եթե երեկ Ղազանչեցոցի վրա ուղղված երկրորդ հարվածը մի փոքր ավելի շուտ լիներ, ապա շուրջ 30 լրագրող էր տուժելու, քանի որ շատերն էին այցելել եկեղեցի հրթիռակոծության հետևանքներն արձանագրելու։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հրթառակոծության հետևանքով տուժած ռուս լրագրողներին, ապա նրանք էլ, ըստ տեր Անդրեասի, «լավ են պրծել»։

Ադրբեջանի պարզաբանումը, թե Ղազանչեցոցին հարվածել են, քանի որ այնտեղ զինվորներ են եղել, սուտ է։ Եկեղեցում զինվորներ եղել են երեք շաբաթ առաջ, և նրանք այնտեղ օրհնություն ստանալու համար են գնացել։ Տեր Անդրեասը նշում է, որ պատերազմի ժամանակ բոլոր զինվորները սահմանին են, և քաղաքում միայն խաղաղ բնակիչներն են։

Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը շատ ծանր է․ բժիշկ

Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու կրած վնասներին, ապա տեր Անդրեասը նշեց, որ ամբողջությամբ փլվել է եկեղեցու հարավային կողմը վերևի կամարը հետ։ Ջահերը, դռներն ու պատուհանները նույնպես ավիրակ են դարձել։ Եկեղեցու ներսում որևէ բան չի պահպանվել` ամեն ինչ վառվել կամ քանդվել է։ Տեր Անդրեասն ասում է, որ եկեղեցին պետք է հիմնանորոգվի։

Հիշեցնենք` Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը հրթիռակոծել էր երեկ առավոտյան, այդ պահին ներսում երեխաներ են եղել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին գնացել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:

Չնայած այն հանգամանքին, որ տեղում մեծ թվով լրագրողներ են աշխատում, ադրբեջանական զինված ուժերը երկրորդ անգամ հրթիռակոծության ենթարկեցին եկեղեցին: Այդ ժամանակ, ըստ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի տարածած հաղորդագրության, 3 լրագրող է վիրավորվել։