ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստը։
Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նիստին չի մասնակցում Ղրղզստանի կառավարության ղեկավար Մուհամեդկալիյ Աբիլգազիևը` երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է դիմավորում հյուրերին։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Միխայիլ Միշուստինը, Ասկար Մամինը, Ռոման Գոլովչենկոն:
Օրակարգի համաձայն ՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել միության գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում` մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազնավարական ուղղությունների նախագիծը, էլեկտրոնային առևտրի կարգավորման և այլ հարցեր։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև ԵԱՏՄ երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար համալիր ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։
Երևանում նախապատրաստվում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Նախատեսվում է ներկայացնել միության նախորդ տարվա բյուջեի կատարողականն ու քննարկել 2021 թվականի բյուջեի նախագիծը:
Նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների արտահանման աջակցության համար համատեղ միջոցառումների մշակման մասին որոշում կկայացվի։ Բացի այդ, մասնակիցները կքննարկեն առանձին ապրանքատեսակների դրոշմավորման հարցերը նույնականացման միջոցներով։
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները նախատեսում են հաստատել ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն հարցը. գյուղատնտեսական արտադրանքի, կտավատի, կաշվի հումքի, բամբակի առնչությամբ առաջարկի և պահանջարկի կանխատեսումները 2020-2021 թվականների համար:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը Մինսկում տեղի է ունեցել հուլիսին։
ԵԱՏՄ պետություններում դյուրացվել է պետական գնումների գործընթացը