«Էրեբունի» ԲԿ–ի տնօրենը խոսեց վիրավոր Կոտենոկի և մյուս լրագրողների վիճակի մասին

Բժիշկը վստահեցրեց, որ հայկական կողմը պատրաստ է Արցախում վիրավորված լրագրողների բուժումը կազմակերպել ամենաբարձր մակարդակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության ժամանակ վիրավորված ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկի վիճակը ծանր է, բայց այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Միքայել Մանուկյանը։

Յուրի Կոտենոկին Երևան տեղափոխեցին սանավիացիայի ուղղաթիռով

Կոտենոկին այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել սանավիացիայի ուղղաթիռով։ Եվս երկու ռուս լրագրողի տեղափոխել են առավոտյան 6-ին։

«Երեք լրագրող է տեղափոխվել մեզ մոտ։ Երկուսը ձախ ձեռքի վնասվածքներ ունեն։ Նրանց հաջողությամբ վիրահատել են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում։ Մենք արդեն մշակել ենք վերքերը։ Հիմա հիվանդասենյակներում են, նրանց վիճակը կայուն է», - ասաց Մանուկյանը։

Բժշկի խոսքով՝ Կոտենոկը բեկորային վնասվածք ունի կրծքավանդակի հատվածում և բավական շատ արյուն է կորցրել։ Նրան վիրահատել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։

«Այժմ նա անհրաժեշտ հետազոտություններ կանցնի, ավելի ուշ վերակենդանացման բաժանմունք կտեղափոխվի բուժումը շարունակելու համար», — ասաց Մանուկյանը:

Բժիշկը հավաստիացրեց, որ բժշկական կենտրոնը լիովին պատրաստ է բուժումը կազմակերպել բարձր մակարդակով:

Ադրբեջանական ԶՈւ–ն միտումնավոր է թիրախավորել լրագրողներին. ԱԳՆ

Մանուկյանի խոսքով` Ստեփանակերտում պրոֆեսիոնալ բուժօգնություն է ցուցաբերվել բոլոր պացիենտներին։ Արցախում են լավագույն մասնագետները, որոնք բարդ վիրահատություններ են իրականացնում` փրկելով վիրավորների կյանքը։

Հիշեցնենք` Կոտենոկը վիրավորվել էր երեկ, երեկոյան նրա վիճակը շատ ծանր էր։ Բացի նրանից, միջին ծանրության վնասվածքներ են ստացել նաև «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը:

Գիշերը լրագրողին կրկին վիրահատել են։ Նա մոտ 3,5 լիտր արյուն էր կորցրել, բայց բժիշկները կարողացել էին վերականգնել այն։ Կոտենոկը նաև վերքեր ունի որովայնի և վերջույթների հատվածում։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը երեկ Sputnik Արմենիային ասել էր, որ դեսպանությունը պատրաստ է ստանձնել Շուշիում հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս լրագրողի տեղափոխումը Մոսկվա, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին