ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ցինիզմի բարձրագույն դրսևորում են։ Նման հայտարարությմաբ է հանդես եկել Արցախի արտաքին գործերի նախարարությունը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը։
Ալիևը, մասնավորապես, ասել էր, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները:
«Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Նախ՝ Արցախի քաղաքացիները 1991-ից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ: Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու` նաև բարոյական իրավունքը»,–նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նարիշկինի հայտարարությունից հետո Ալիևը փոխել է անզիջում տոնայնությունը
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, երբ ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում է քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, Բաքվի նման պնդումները պարզապես անիմաստ բառակույտ են դառնում:
Բացի այդ, սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը, ըստ ԱԳՆ–ի` Ադրբեջանը զրոյացրել է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում:
Միաժամանակ, ԱԳՆ-ն հիշեցում է, որ ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը:
«Կանգնեցրե՛ք Ալիևին և Էրդողանին». բազմամարդ ակցիա Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ