ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Խոսնակի հայտարարությունը տարածվել է նաև ԱԳՆ–ի Facebook–յան էջում։
«Մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժած լրագրողներին և խստորեն դատապարտում Ադրբեջանի հերթական պատերազմական հանցագործությունը։ Միաժամանակ հրավիրում ենք ողջ միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում մասնագիտացված կառույցների ուշադրությունը տեղեկատվության ձեռքբերման իրավունքը բռնի միջոցներով ոտնահարելու այս աղաղակող փաստին»,– նշված է Նաղդալյանի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր առավոտյան հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցող եկեղեցին, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։
Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին գնացել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:
Ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռակոծել էին եկեղեցին, և լրագրողները վնասվածքներ էին ստացել այդ հարվածներից։
Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան