ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Զինվորական դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ արձանագրում է, որ զորահավաքային զինվորական ծառայությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով համարվում է զինվորական ծառայություն:
«Այսինքն զորահավաքի միջոցով զորակոչված անձանց համար նախատեսված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար»,- հիշեցնում է դատախազությունը և զգուշացնում, որ Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն ինչպես զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, այնպես էլ նույն նպատակով ծառայության չներկայանալը համարվում է դասալքություն:
«Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ վեցից տասներկու տարի ժամկետով»,- ասված է հայտարարության մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելու համար, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ։ Այս արարքները ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով։
Նշենք, որ Հայաստանում սեպտեմբերի 27-ին մեկնարկել ու այժմ էլ շարունակվում է ռազմական դրությամբ պայմանավորված ընդհանուր զորահավաքը:
Զուգահեռ իրականացվում է նաև Արցախ մեկնելու կամավոր զինվորագրման գործընթացը: