ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` նշելով նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն. Մ.։
Վերջինս սեպտեմբերի 27-ին, երբ Արցախի և Հայաստանի հանրապետություններում ռազմական դրություն էր հայտարարված, նշանակված էր ՊԲ N զորամասի գումարտակում կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն էր իրականացնում զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում։ Այդ օրը նա նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել, թե իբր ՀՀ իշխանությունները հողերը հանձնելու վերաբերյալ պայմանավորվածություն ունեն` կարծիք հայտնելով, որ «նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է»։
«Հիշատակված գործողությունների հետևանքով էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ն. Մ.-ն ձերբակալվել է:
Կայքերից մեկը սուտ ինֆորմացիա է հրապարակել` խախտելով ռազմական դրության պայմանները. ԱԱԾ
Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների շրջանում սադրիչ և ստահոդ տեղեկություններ տարածող անձանց, ինչպես նաև հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
ԱԱԾ–ն վստահեցնում է` ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը ռազմական դրության պայմաններում զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության վրա բացասաբար ազդեցություն ունեցող, զինծառայողների շրջանում սադրիչ կամ խուճապ առաջացնող տեղեկություններ տարածող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
ԱԱԾ-ն հիշեցնում է` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։ Թշնամու կողմն անցնելն ի թիվս այլնի՝ դրսևորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով։
Նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը