ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է արցախա–ադրբեջանական պատերազմի ժամանակ արված հայտնի ու լայն տարածում ստացած լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հորը` Արտակ Հովհաննիսյանին։
«Սիրելի՛ Արտակ, պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում: Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը, և իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով: Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի: Հազա՛ր փառք Հայրենիքի համար բոլոր ընկածներին: Պատի՛վ ունեմ»,– Facebook–ի իր էջում գրել է նախագահը։
Հիշեցնենք` Ալբերտի հայրը դեռ հոկտեմբերի 5-ին հայտնել էր, որ արդեն քանի օր է` տղայից որևէ լուր չունեն։ Այսօր նա Facebook–ի իր էջում գրել էր, որ տղան զոհվել է։ Նա նշել էր, որ իր վիշտը ծանր է, բայց հպարտությունն ավելի մեծ է, որ մերօրյա իրական հերոսի հայրն է:
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են թշնամուն ու փրկել շրջափակման մեջ ընկածների կյանքը
Ալբերտ Հովհաննիսյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում: