ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի մի բնակիչ է ձերբակալվել` սուտ տեղեկություններ տարածելու համար։
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։
Նրա հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն: Փաշինյանի խոսքով` այս պահին քննվում են տարբեր վարկածներ` ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ: