ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման սկզբում վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ, վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` այսօր Լեռնային Ղարաբաղը հակաահաբեկչական պայքար է մղում: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների՝ հրադադար հաստատելու կոչը։
«Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում ևս Երևանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ համագործակցությանը վերաբերող, նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցեր:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան հայտնել էր, որ Ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնին հոկտեմբերի 9-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպում անցկացնելու ծրագրերը պահպանվում են, բայց ձևաչափը մշակվում է: