Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` վերջին շրջանում ԱԱԾ արդեն երրորդ տնօրենի պաշտոնանկությունը լավ նշան չէ, որովհետև հայտնի է առնվազան երկու դեպք, երբ ԱԱԾ տնօրենի շուրջ ստեղծվել էր բավականին մեծ սպասման մթնոլորտ, իսկ հետո առանց որևէ լուրջ բացատրության նրանք պաշտոնանկ են եղել։ Խոսքը Արթուր Վանեցյանի ու Արգիշտի Քյարամյանի մասին է։
«Երկուսի դեպքում էլ իշխանության առաջին դեմքի մակարդակով ձևավորվում էր դրական մեծ սպասման միջավայր, ներկայացվում էր, որ մի կողմից կառուպցիայի դեմ ակտիվ պայքար է տարվելու, մյուս կողմից տեղի են ունենալու համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանում նշանակումներն ու ազատումները տեղի են ունենում բավականին տարերային ձևով»,– նշում է քաղաքագետը։
Սուրեն Սուրենյանցը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի դեպքում քննարկման առարկա է դարձնում երկու վարկած։ Սա պաշտոնանկություն է, որը տեղի է ունեցել ռազմական դրության պայմաններում, ինչը մի փոքր իրավիճակը փոխում է։ Վարկածներից մեկն այն է, որ դա կարող է կապված լինել հայ–ռուսական հարաբերությունների հետ, ընդ որում` ՌԴ–ից Հայաստանի իշխանություններին կարող էին հասկացնել, որ Քյարամյանը վստահելի կադր չէ, և գուցե նա պաշտոնանկ է արվել հայ–ռուսական հարաբերությունների ներդաշնակությունն ապահովելու համար։
ԱԱԾ կամավորներն առաջնագծում են
Ըստ քաղաքագետի առաջ քաշած երկրորդ վարկածի` ԱԱԾ տնօրենի հրաժարականը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ պատերազմի հետ կապված որևէ առաջադրանք կամ հանձնարարություն հավուր պատշաճի չի կատարել։ Սուրենյանցի կարծիքով` թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ–ն պետք է հաշվետու լինեն խորհրդարանին։ Իսկ այս պարագայում քաղաքագետը գտնում է, որ նշված ուժային կառույցների ղեկավարները պետք է ունենան նախարարական կարգավիճակ և լինեն քաղաքական պաշտոնյաներ` իհարկե հաշվի առնելով նաև մասնագիտական հմտությունները։ Քաղաքագետի համոզմամբ` Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար չուներ մասնագիտական հմտություններ և գործող իշխանության ամենաանհաջող նշանակումներից մեկն էր։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։