Գյանջայի օդանավակայանի տարածքում F-16 կործանիչներ են եղել․ NYT-ի լրագրող

Այս եզրակացության հիմքում Planet Labs ընկերության արբանյակային լուսանկարի վերլուծությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. New York Times թերթի հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը Twitter-ի իր էջում հոկտեմբերի 3-ի արբանյակային լուսանկար է հրապարակել, որում, նրա խոսքով,  երևում է, որ ադրբեջանական Գյանջայում (Գանձակ)առվնազն երկու F-16 կա։

Սեպտեմբերի 29–ին Երևանը հայտնել էր, որ թուրքական F-16-ը Հայաստանի օդային տարածքում խոցել էր հայկական Սու-25-ը։ Բաքուն ու Անկարան հերքել էին այդ տեղեկությունը։

«Planet Labs  ընկերության արբանյակային պատկերի մեր վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի Գյանջա միջազգային օդանավակայանում առնվազն երկու F-16 է տեղակայված։ Կործանիչներն ամենայն հավանականությամբ կառավարվում են թուրքական ՌՕՈւ-ի կողմից, հնարավոր է նաև CN-235 բեռնային ինքնաթիռի հետ», - գրել է Թրիբերտը՝ հրապարակելով արբանյակային լուսանկարը։

Նրա խոսքով՝ նման եզրակացությունն արվել է մի շարք ինքնաթիռների, այդ թվում նաև Ադրբեջանի ՌՕՈւ-ի կողմից շահագործվող ՄիԳ-21, ՄիԳ-29, Սու-25, Լ-39, ինքնաթիռների վիզուալ բնութագրերի համեմատության արդյունքում։ Լրագրողը նշում է, որ պատկերի վրա նաև ավելի խոշոր ինքնաթիռ է երևում, որն ամենայն հավանականությամբ CASA CN-235 տրանսպորտային ինքնաթիռ է, որը նույնպես շահագործվում է Թուրքիայի ՌՕՈւ- կողմից»։

«Որդուս 16 տարի առաջ եմ հայրենիքին նվիրել». օդաչու Վալերիի մասին պատմում են ծանոթները

«F-16 կործանիչները կարող են վկայել Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողություններում ավելի խոշոր  տերության՝ Թուրքիայի մասնակցության մասին։ Թուրքիայի կողմից սատարվող սիրիացի գրոհայիններն կողք կողքի կռվում են ադրբեջանական զորքերի հետ», - ավելացրել է լրագրողը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ